ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

ՉՆԵՏԵԼՈՎ ՈՉ ՄԻ ՌՈՒՄԲ ԵՎ ՉԽԱԽՏԵԼՈՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

ՉՆԵՏԵԼՈՎ ՈՉ ՄԻ ՌՈՒՄԲ ԵՎ ՉԽԱԽՏԵԼՈՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
15.02.2011 | 00:00

Մյունխենի անվտանգության ամենամյա խորհրդաժողովում աշխարհի երկրների ղեկավարները սովորաբար «չափվում էին ոչ միայն խելքով ու գաղափարներով», այլև մկաններով։ Բավական է հիշել Արևմուտքին Պուտինի նետած նշանավոր մարտահրավերը կամ էլ անցյալ տարի Պերեսի հետ Էրդողանի գրեթե ձեռնամարտի հասած վեճը։ Բայց այս անգամ այդ «մեծ ժողովը» զարմանալիորեն խաղաղ էր ու կառուցողական։ Նույնիսկ գլոբալիստներն իրար չանցան, ու թեև համաժողովը պաշտպանում էր երեք հազարից ավելի ոստիկան, նշենք, որ անվտանգության առաջին խորհրդաժողովից ի վեր առաջին անգամ ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ տեղի չունեցան։ Համաժողովի օրերին Բավարիայի մայրաքաղաքն ապրում էր իր հանդարտ կյանքով, իսկ աշխարհի շատ երկրներից հավաքված մոտ 350 աչքի ընկնող քաղաքական գործիչները, դիվանագետները, զինվորականները, գործարարները, ինչպես նաև գիտական-հասարակական գործիչներն «աշխարհի բախտն էին որոշում» Մյունխենի «Բայրիշեր հոֆ» շքեղ հյուրանոցում։ Նկատենք, որ խորհրդաժողովն արդեն մի քանի տարի դադարել է զուտ ռազմական հարցեր քննարկելուց, ինչպես նախկինում։ Այժմ համապարփակեցման շնորհիվ աշխարհի բոլոր խնդիրները, այդ թվում` ահաբեկչությունն ու անվտանգությունը, սերտորեն միահյուսվել են տնտեսության ու սոցիալական բարօրության հետ։ Եվ պատահական չէ, որ Մյունխենի խորհրդաժողովն սկսել են անվանել «անվտանգության Դավոս»։
Հարկ է նաև նշել, որ ներկայիս միջազգային բանավեճն ստացվեց շատ բազմապլանային, ասենք, խորհրդաժողովի բուն կարգախոսն էլ բավականին երկար էր. «Անվտանգության քաղաքականությունը նոր մարտահրավերի հանդեպ` ֆինանսական ճգնաժամից մինչև կիբեռնետիկական պատերազմ»։ Թերևս, իրոք, նոր դարում աշխարհը դարձել է ոչ միայն ավելի նեղ, այլև ավելի խոցելի։ Ընդ որում` տարբեր և հաճախ անսպասելի կողմերից։ ՈՒստի «ամենատարաշխարհիկը», միևնույն ժամանակ ամենահեռանկարայինը, դարձել է «համակարգչային պատերազմի» վտանգը։ Բոլորովին վերջերս համաշխարհային սարդոստայնի միջոցով պատերազմ վարելու հնարավորությունների մասին պատկերացում կարող էինք ունենալ միայն հոլիվուդյան գիտաֆանտաստիկ ֆիլմերից։ Բայց այժմ, ինչպես նշվում էր համաժողովում, չնետելով ոչ մի ռումբ և չխախտելով սահմանները, կարելի է անուղղելի վնաս հասցնել ոչ միայն որևէ կազմակերպության, այլև բովանդակ քաղաքակիրթ աշխարհին։ Դա բոլորովին վերջերս ցույց տվեց «Stuxner» վիրուսը, որ «խցկել» էին Իրանի ատոմային ծրագրում։ Մյունխենում պետությունների և պատվիրակությունների ղեկավարներին ներկայացվեց առաջին համատեղ ռուս-ամերիկյան զեկուցագիրը` «Համակարգչային հակամարտություններում վարքագծի կանոնների մասին»։ Իսկ փորձագետների ամերիկյան խումբը գլխավորող Կառլ Ռաուշերը հատկապես ընդգծեց, որ «փաստորեն բոլոր ծայրահեղ քաղաքացիական ենթակառուցվածքներն աշխատում են օն-լայն ռեժիմով, փոխկապակցված են և փոխակտիվ` հիվանդանոցների էլեկտրամատակարարման ցանցերից մինչև քաղաքացիական ավիացիայի թռիչքների վերահսկման համակարգերը, և մեծ հաշվով պաշտպանված չեն միջազգային նորմերով»։
Մասնակիցները, անշուշտ, անուշադրության չմատնեցին առավել «թեժ հարցերը»` Եգիպտոս, Մերձավոր Արևելք, Աֆղանստան, բայց այստեղ էլ առանձնակի ներհակություններ չծագեցին «վերևների» միջև։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գուտենբերգը, որը բացեց խորհրդաժողովը, նշեց, որ արաբական երկրներում և մասնավորապես Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները Եվրոպային ու ԱՄՆ-ին պետք է դրդեն խորհելու` արդյոք բավականաչափ լա՞վ են հասկանում ներկայումս աշխարհում տեղի ունեցող գործընթացները, և արժե՞ փոխել վերաբերմունքն ավտորիտար երկրների նկատմամբ։ Ինչպես և ենթադրվում էր, Աֆղանստանի նախագահ Քարզայը խորհրդաժողովում հայտարարեց, որ երկրում անվտանգությունն ապահովելու պատասխանատվությունը 2011-ի մարտի 21-ից ՆԱՏՕ-ից կփոխանցի տեղական բանակին և ոստիկանության ուժերին։ Նշենք, որ 2011-ի հուլիսին Հյուսիսատլանտյան դաշինքը նախատեսում է ձեռնամուխ լինել Աֆղանստանից զորքերի աստիճանական դուրսբերմանը։ Մի շատ հետաքրքիր մանրամասն. Մյունխենի խորհրդաժողովի «վետերանը», միջազգային և առաջին հերթին ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Իվանովը լայն ու նախ և առաջ ռուսաստանյան հանրության համար անսպասելիորեն հայտարարեց. «Ռուսաստանը շահագրգռված չէ Աֆղանստանից անվտանգության միջազգային ուժերի դուրսբերմամբ»։ Նա չշրջանցեց նաև Իրանը։ Այսպես, նրա կարծիքով, Իրանի դեմ մտցված նոր պատժամիջոցները կվնասեն այդ երկրի տնտեսությանը և կհանգեցնեն բանակցություններում վերջինիս դիրքերի կոշտացմանը։ «Պատժամիջոցների խնդիրը, կարծում եմ, սպառված է»,- հայտարարեց Իվանովը։
Վրաստանի նախագահը, ինչպես միշտ, բաց չթողեց հնարավորությունը և խոսեց «սեփական ցավից»։ Սաակաշվիլին Ռուսաստանին մեղադրեց պայմանավորվածությունները խախտելու և Կովկասյան տարածաշրջանի համար սպառնալիքներ ստեղծելու մեջ։ Վրաց ղեկավարը հայտարարեց, որ Մոսկվան մեծացնում է զորքերի ու ծանր սպառազինությունների քանակն Աբխազիայում և Հարավային Օսիայում, որ Կրեմլի գլխավոր նպատակը Վրաստանում ժողովրդավարության տապալումն ու Կասպյան տարածաշրջանից դեպի Եվրոպա նավթամթերքների մատակարարումների դադարեցումն է։ Ընդ որում, Հյուսիսային Կովկասում տիրող անկայունությունը հղի է հեռահար հետևանքներով։ Արևմուտքը, նրա խոսքերով, չպետք է մոռանա այն երկրների մասին, որոնք նախկինում մտնում էին «խորհրդային կայսրության մեջ», քանզի «սառեցված հակամարտությունները» կարող են արագ վերածվել «թեժ պատերազմների»։
Ակներևաբար, Մյունխենի անվտանգության 47-րդ խորհրդաժողովի աշխատանքի ամենածանրակշիռ արդյունքը ռազմավարական հարձակողական սպառազինությունների վերաբերյալ վավերագրերի փոխանակումն էր Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև։ Բոլորը նշեցին, որ այժմ «աշխարհն ավելի անվտանգ դարձավ»։ Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հատկապես շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարներին «քաղաքական վճռականության» համար։ Բայց, ինչպես սպասվում էր, բոլորը մնացին իրենց կարծիքին, և պարզ դարձավ, որ պայմանագիրը չի ազդի «Բուլավա» և «Յարս» նոր հրթիռներ ստեղծելու ՌԴ-ի պլանների վրա, իսկ ամերիկացիները բնավ մտադիր չեն մոռանալու իրենց հակահրթիռային պաշտպանության համակարգի մասին, անկախ նրանից` դո՞ւր է գալիս դա ռուսներին, թե՞ ոչ։
Այնպես որ, Մյունխենի խորհրդաժողովը թեպետ հագեցած էր, բայց լիովին կանխատեսելի էր, նույնիսկ ձանձրալի։ Ճիշտ է, «ժողովականներին արթնացնել» ջանաց Բրիտանիայի երիտասարդ վարչապետը, և դա նրան հաջողվեց։ Դևիդ Քեմերոնը եվրոպացի գործընկերներին առաջարկեց «արթնանալ ու գիտակցել, թե վերջապես ինչ է տեղի ունենում մեր սահմանների ներսում», ուշադրություն դարձնել իրենց երկրներում ահաբեկչության ակունքներին։ Նրա խոսքերով, ծայրահեղականության տարածումը կանխելու համար բրիտանացիները կարիք ունեն էլ՛ ավելի որոշակի ու հստակ ազգային նույնականության։ «Մեզ հարկավոր է հրաժարվել վերջին տարիների պասիվ հանդուրժողականությունից,- հայտարարեց Դևիդ Քեմերոնը։- Եկել է ժամանակը պասիվ հանդուրժողականության սկզբունքը փոխելու գործող, մկանուտ լիբերալիզմի, և հասկանալ տալ, որ բրիտանական հասարակությունը կառուցվում է հանգուցային արժեքների վրա»։ Վարչապետն այն կարծիքին է, որ իսկական լիբերալ պետությունը հավատում է իր արժեքներին և եռանդագին պաշտպանում դրանք, որ անցել է այն ժամանակը, երբ երկրում միմյանցից անջատ կարող էին գոյատևել տարբեր մշակույթներ։ Իբրև նախկին մոտեցումների արդյունք երիտասարդ մահմեդականները նույնականության որոնումներում հրապուրվեցին ծայրահեղական գաղափարախոսություններով, ուստի վարչապետն առաջարկեց համալսարանական ավաններից վտարել այն կազմակերպությունները, որոնք ազդեցություն ունեն մահմեդական հասարակության մեջ, բայց չեն որոշարկվել արևմտյան արժեքների առումով։ «Եթե մենք ցանկանում ենք հաղթահարել այդ սպառնալիքը (տնաբույծ իսլամական ծայրահեղականությունը), կարծում եմ, ժամանակն է շրջելու անցյալի ձախողված էջը,- հայտարարեց Քեմերոնը։- Ես չեմ կարծում, որ եթե անմիջապես ժողովրդավարություն հաստատվի, ապա բոլոր խնդիրները կլուծվեն։ Պետք է աստիճանաբար բարձրացնել ժողովրդավարության կառուցողական հիմքերը։ Մեծ Բրիտանիայից պահանջվեց մի քանի հարյուր տարի` ժողովրդավարական հասարակություն զարգացնելու գործում։ Դա գործընթաց է, ոչ թե իրադարձություն»։
Պատկերացնո՞ւմ եք, խնդիրն ի՜նչ աստիճանի է բարդացել, եթե ժամանակակից ազատականության ու հանդուրժողականության սրտից` Մեծ Բրիտանիայից են նման կոչեր հնչում։ Հատկանշական է, որ նույն այս օրերին Բրիտանիայի Լութոն քաղաքում, որտեղ մահմեդական մեծ համայնք է ապրում, տեղի է ունեցել «Պաշտպանության անգլիական լիգա» կազմակերպության զանգվածային ցույց։ Մեկուկես հազարից ավելի ցուցարարներ անցել են քաղաքի կենտրոնով, պահելով անգլիական ու շոտլանդական դրոշներ ու ցուցապաստառներ` «Մահմեդական ահաբեկիչներ, կորե՛ք մեր փողոցներից», «Ո՛չ մզկիթների շինարարությանը» մակագրություններով։ Այդ ձեռնարկմանը որոշել էին խանգարել «Ընդդեմ ֆաշիզմի միավորման» կողմնակիցները, որի մեջ մտնում են առավելապես մահմեդական կազմակերպություններ։ Նրանք, ինչպես ընդունված է, հայտարարեցին, թե վարչապետի խոսքերը «լավագույն դեպքում սխալ են մեկնաբանվել, իսկ վատագույն դեպքում ընկալվել են որպես սադրիչ» արտահայտություններ։ Սակայն, շատ հավանական է, որ այդ նոր հովերը մոտ ժամանակներս համակեն Եվրոպան։ Առավել ևս, որ, Ֆրանսիայի ներքին հետախուզական վարչության տվյալներով, Ֆրանսիայում և Եվրոպայի այլ երկրներում մուջահեդների հավաքագրումը երբեք չի հասել այնպիսի չափերի, ինչպես այս օրերին։ Եվրոպական երկրների մոտ հարյուր քաղաքացիներ, այդ թվում` 14 ֆրանսիացի, մարզումներ են անցել Մերձավոր Արևելքի ջիհադականների մարտական ճամբարներում և պատրաստ են ահաբեկչական գործունեություն ծավալելու Եվրոպայում։ «Գրոհայիններից շատերն արդեն պատերազմի փորձ ունեն և այնպիսի կարգավիճակ, որը նրանց թույլ է տալիս ստեղծել խմբեր` վերջերս հավաքագրված գրոհայիններից», ասվում է Ֆրանսիայի հետախուզական վարչության հաշվետվության մեջ։ «Այդ մարդիկ ապրել են Եվրոպայում, բայց ատելություն են տածում այն երկրի հանդեպ, որը պատսպարել է նրանց»,- նշում են եվրոպացի փորձագետները։ Այն ժամանակ, երբ Արևմուտքի քաղաքական ղեկավարները հաճելի ածականներ են հասցեագրում Մաղրիբի երկրների «ժողովրդական» հեղափոխություններին, Ֆրանսիայի անվտանգության ծառայություններն անհանգստացած են ավելի քան երբևէ և գտնվում են կազմ ու պատրաստ վիճակում։ Իսկ երկրի առավել արմատական մզկիթներում ներդրված իրազեկիչները հաղորդում են, որ իմամները քննադատում են աշխարհիկ կողմնորոշումը։ «Մահմեդականները պետք է պատրաստ լինեն ճակատամարտի թե՛ ԱՄՆ-ում, թե՛ այլ վայրերում»,- իմամներից մեկի խոսքերն են մեջբերված հատուկ ծառայության հաշվետվության մեջ։
Այնպես որ, ակներև է, որ Քեմերոնի ելույթը պատահական չէր, այլ ծրագրային։ Հիշեցնենք, որ ավելի վաղ համամշակութաբանության քաղաքականության ձախողման մասին հայտարարել էր նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը։ Ֆրանսիան ու Իտալիան աղմկալից հայտարարություններ չարեցին, այլ միանգամից անցան գործի. այդ երկրներում վերջերս իրականացվեցին վտարումներ ըստ ազգային հատկանիշի, որոնք, ի դեպ, հարուցեցին Եվրամիության ձախերի խիստ քննադատությունը։ Այնպես որ, Մյունխենի խորհրդաժողովում Քեմերոնի ելույթից հետո կարելի է խոսել «Հին Եվրոպայի» չորս երկրից բաղկացած կազմավորման մասին, որի մեջ մտնում են Գերմանիան, Բրիտանիան, Ֆրանսիան և Իտալիան, որոնք այս կամ այն չափով հանդես են գալիս ազգային քաղաքականության եվրոպական համադրույթը վերանայելու օգտին։ Իսկ առայժմ, ինչպես ընդունված է Մյունխենի անվտանգության ներկայիս խորհրդաժողովում, հնչում էին աշխարհի բոլոր երկրների քաղաքական գործիչներին ուղղված սովորական կոչեր` միավորվել և ավելի սերտորեն համագործակցել կենսական խնդիրները լուծելու գործում, «քանի որ առանձին-առանձին դրանք հնարավոր չէ հաղթահարել»։ Հետաքրքիր է` արդյոք տևակա՞ն հեռանկարով։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1020

Մեկնաբանություններ